25 Նոյեմբեր, Բշ
Սովորաբար շատ մարդիկ հեշտությամբ նկատում են ուրիշների մեղքերը և սրտում իրենց բարձր դասում մյուսներից: Այնուամենայնիվ, մինչդեռ հայելու մեջ չես նայել և տեսել քո իրական պատկերը, որը տարբերվում է պատկերացումներիցդ, այդպես էլ` մինչդեռ չես նայում հոգևոր հայելուն` հոգևոր ինքնաճանաչողությանը, չես տեսնում հոգևոր իրական պատկերդ, թե ինչպիսին ես, որը տարբերվում է քո պատկերացումներից: Հակառակ դեպքում նմանվում ես ինքնագոհ փարիսեցուն, որ ասում էր` Աստված իմ, շնորհակալ եմ, որ նման չեմ ուրիշներին (Ղուկ. 18.9-14):
Ամենամեծ մշուշը, որ մարդուն թույլ չի տալիս ինքն իրեն տեսնել, հպարտությունն է, որն օձի պես փաթաթվում և պարուրում է մարդուն, փակում հոգևոր աչքերի լույսը, խանգարում իրականությունը տեսնել: Ամեն մեղք փախչում է Աստծուց, միայն հպարտությունն է ընդդիմանում Նրան: Այն առաջինն է հարձակվում հոգու վրա և վերջինն է դադարեցնում մարտը: Հպարտությունը սատանայի պատկերն ու նմանությունն է: Հպարտությունը կործանում է մարդու հոգևոր դատողությունը: Աստվածաշունչը նշում է. «Աստված հպարտներին հակառակվում է, իսկ խոնարհներին շնորհ տալիս» (Հակ. 4.6): Իսկ Սբ. Անտոն Մեծն ասում է, որ հպարտությունն ու մեծամտությունը սատանային երկնքից վտարեցին, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդուն բարձրացնում են երկրից դեպի երկինք:
Հպարտությունը հիմնական մեղավոր կրքերից մեկն է, որն անհագ ցանկությամբ ձգտում է ինքն իրեն բարձրացնել կամ էլ փորձում է գտնել իրողություններ, որոնց միջոցով կարող է բոլորից ավելի բարձր լինել: Հպարտությունը եսասիրություն է, փառասիրություն, սակայն, տարբեր նրբերանգներով արտահայտված: Սուրբ հայրերը նշում են, որ հպարտությունը եսասիրության ծնունդն է և աճում ու զարգանում է փառասիրությունից: Մխիթար Սեբաստացին լատիներենից թարգմանել է «Գիրք մոլությանց»-ը, որտեղ ասվում է, որ հպարտությունը լինում է չորս տեսակի՝ առաջինն այն հպարտությունն է, երբ մարդ կարծում է, թե բարի է իր անձի շնորհիվ: Երկրորդը՝ երբ կարծում է, թե բարին ստացել է Աստծուց, սակայն իր արժանապատվության պատճառով: Երրորդը՝ երբ մարդը պարծենում է մի բանով, որը չունի: Չորրորդը՝ երբ մարդ մերժելով և արհամարհելով ուրիշներին՝ ցանկանում է միայն ինքը երևալ (Ա Կորնթ. 4։7): Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ հպարտության պատճառով առաջանում է դրամի հանդեպ կիրք, աղքատների նկատմամբ արհամարհանք, իշխանասիրություն և ցանկասիրություն: Մեղքի սկիզբը հպարտությունն է և դրա մեջ գտնում է իր հենարանը: Սբ. Հովհաննես Սինայեցին մատնանշում է, որ հպարտությունը մինչև ծայրահեղության հասնող հոգու աստվածացումն է, երբ մարդ կարծում է, թե հարուստ է և խավարի մեջ լինելով՝ մտածում է, թե լույսի մեջ է: Այսպիսով, սուրբ հայրերն այսպես են բնորոշում հպարտությունը` այն Աստծուն մերժելն է, դիվական հնարք, ատելություն մարդու հանդեպ, մայր դատապարտության, պարծենկոտության սկզբնաղբյուր, հոգու անպտղության նշան, Աստծու օգնության մերժում, անկումների պատճառ, մտքի հետընթաց, պատճառ դիվահարության, բարկության աղբյուր, կեղծավորության դուռ, դևերի ամրոց, մեղքերի պահեստ, պատճառ անողոքության, կարեկացանքի բացակայություն, հայհոյանքի արմատ և այլն:
Գրիգոր Երկխոսը նշում է, որ հպարտությունն ունի հինգ աստիճան: Որպեսզի հասկանանք այդ աստիճանները, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե մարդն ինչով է հպարտանում, որոնք լինում են հինգ տեսակի: Առաջինը` բնական շնորհներով, այսինքն` խելամտությամբ, գեղեցկությամբ, քաջությամբ և նման հատկանիշներով: Երկրորդը` ձեռք բերված շնորհներով, որոնք են՝ գիտելիքը, իմաստությունը, հմտությունը, վարպետությունը և այլն: Երրորդը` ժամանակավոր արժեքներով, ինչպես օրինակ` հարստությունը, փառքը, պաշտոնը և նման բաներ: Չորրորդը` կամային արժեքները: Հինգերորդը` հոգևոր շնորհները, այսինքն` մարգարեության շնորհը, հրաշքներ գործելը և նման երևույթներ: Եվ այսպես, հպարտության առաջին աստիճանի վրա կանգնած է այնպիսի մարդը, որն ունենալով նման որևէ շնորհ, չի ընդունում, որ այն Աստծուց է ստացել և համարում է, որ դա ինքն ունի իրենով` բնական ճանապարհով: Հպարտության երկրորդ աստիճանը` երբ մարդ ընդունում է, որ այդ շնորհներն իրեն Աստծուց են տրվել, բայց ոչ թե պարգև է, այլ ինքը համարում է, որ միանշանակորեն արժանի է դրանց: Երրորդը հպարտության այն աստիճանն է, երբ որևէ մեկը մտածում է, որ ինքն ունի ինչ-որ շնորհներ, որոնք իրականում չունի: Հպարտության չորրորդ աստիճանը` երբ որևէ մեկը վատաբանում է ուրիշներին և ուզում է հարգված լինել բոլորի կողմից, քանի որ իրեն ավելի արժանի է համարում, քան մյուսներին: Հինգերորդ և հպարտության վերջին աստիճանը` երբ մարդ հասնում է նրան, որ վատաբանում է սրբազան օրենքները և չի իրագործում դրանք այնպես, ինչպես սուրբ հայրերն են սահմանել:
Հպարտության դուստրեր համարվում են` սնափառությունը, դատարկ հետաքրքրասիրությունը, մտքի մեծարումը, պարծենկոտությունը, ծուլությունը, անպատկառությունը, կեղծավոր խոստովանությունը, ինքնաարդարացումը, հավատուրացությունը, կամայականությունը, քմահաճությունը և մեղքի հետ ամբողջական հաշտությունը: Հպարտ մարդու բնութագրիչներից մեկը ուրիշներին թույլ չտալն է, որպեսզի օգնեն իրեն և, սովորաբար, ուժերից վեր աշխատանք վերցնելն է՝ ամեն կերպ ուշադրություն գրավելու համար: Հպարտ անձը բնույթով այնպիսին է, որ կարծում է, թե ինքը միշտ ճիշտ է և բանավեճի ժամանակ թույլ չի տալիս ուրիշներին խոսել` չունենալով նաև լսելու կարողություն: Եվ եթե չի կարողանում պնդել իր խոսքը, ապա վիրավորվում, վիճաբանում և հեռանում է, քանի որ տարված է իր սեփական բացառիկության և կարևորության զգացումով: Հետևաբար՝ հպարտության նշաններից է նեղացկոտությունը: Երբ անձը նեղանում է, նշանակում է հպարտություն է թաքնված նրա հոգում: Այսպիսի մարդիկ հպարտ են, տառապում են ինքնասիրությամբ: Երբ մարդ գիտակցում է, որ նեղացել է, նշանակում է նրա հոգում հպարտությունը կենսունակ և առկա է: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ հպարտությունն ավերում է մարդու հոգին: Երբ մեր սրտում նեղացկոտությունն է ապրում, չենք կարող ճշմարիտ սեր, խոնարհություն, հեզություն, իմաստություն, խաղաղություն և համբերություն ունենալ: Եթե հպարտությունից ազատվենք, ապա նեղացկոտությունը նույնպես կհեռանա, և մեր սրտերը կլցվեն սիրո և խոնարհության լույսով, որոնցից ջերմություն ու խնդություն է բխում, այլ ոչ թե սառնություն և խստասրտություն ուրիշների հանդեպ:
Հպարտ մարդուն բնորոշ է ուրիշներին դատապարտելը, կասկածամտությունը և ուրիշներին պահանջներ ներկայացնելը: Ինչպես ագռավը, ընկույզը վերցնելով, շատ վեր է բարձրացնում և այնտեղից նետելով՝ փշուր-փշուր է անում և ապա՝ ուտում, այդպես էլ սատանան, մարդուն հպարտացնելով բարձրացնում է վեր, ապա ցած նետելով՝ փշուր-փշուր է անում և կործանում: Հպարտության կործանումից խուսափելու լավագույն միջոցները սերն ու խոնարհությունն են: Հիրավի, ո՛չ գիտելիքները, ո՛չ կարողությունները, ո՛չ բնական, ո՛չ գերբնական շնորհները չեն, որ անձնավորության հոգևոր աճի մասին են վկայում: Ռուս եկեղեցու նշանավոր հոգևորականներից հայր Նիկոն Վորոբյովը տալիս է հոգևոր աճի սկզբունքը. «Մարդու հոգևոր աճի չափը նրա խոնարհությունն է: Ինչքան մարդը հոգով բարձր է, այնքան խոնարհ է: Եվ, ընդհակառակը, ինչքան խոնարհ է, այնքան բարձր է: Ոչ թե կանոնները, երկրպագությունները, պահքերը, Աստծու Խոսքի ընթերցանությունը, այլ խոնարհությունն է մարդուն մոտեցնում Աստծուն: Առանց խոնարհության ամեն ինչ, նույնիսկ մեծագույն սխրանքները ոչ միայն անօգուտ են, այլև կարող են նույնիսկ ամբողջովին կործանել մարդուն»:
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը